Պաշտոնական տվյալներով, հունվարին Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 5.7%-ով: Նշենք, որ դրա առաջին նախանշաններն ի հայտ եկան երկու տարի առաջ: Համեմատության հստակության համար ներկայացնենք 2014 թվականի հունվարի տվյալները: Այդ ամսում մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալներն աճել էին խորհրդանշական 0.3%-ով: Այդպիսի աճը հատուկ է հատկապես այն երկրներին, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ապրանքների սպառման մակարդակը բավական բարձր է: Իսկ մեզ մոտ այդ պատկերը բավական տխուր է:
Նույնիսկ պաշտոնական տվյալներով, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը բնակչության մեկ շնչի հաշվարկով չափազանց փոքր է: Այսպես. անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 37.5 հազար դրամ (78 դոլար): Ընդ որում, մարզերում այդ առումով վիճակն ավելի վատ է: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում բնակչության մեկ շնչին բաժին հասնող ապրանքների վաճառքի միջին ծավալը 7.800 դրամից էլ պակաս է (16 դոլար):
Նկատենք, որ սա միջին մեծությունն է: Հայտնի է, որ «հարուստների» եկամուտներն աճում են՝ չնայած տարատեսակ ճգնաժամերին: Անուղղակիորեն այդ մասին է վկայում հունվարին ծառայությունների ֆիզիկական ծավալների աճը՝ 5.1%-ով, այդ թվում «մշակույթ, ժամանց եւ հանգիստ» խմբում՝ գրեթե 1.6 անգամ:
Մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալների կրճատումը գնաճով բացատրելու կարիք չկա: Պաշտոնական տվյալներով, մեր երկրում գնանկում է: Հունվարին ապրանքների գները նվազել են միջինը 0.4%-ով: Այստեղ հարկավոր է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք: Անցյալ տարվանից ապրանքների վաճառքի ծավալները կրճատվել են ոչ միայն համադրելի, այլ նաեւ ընթացիկ գներում: Ավելի պարզ ասած՝ բնակչությունը սկսել է քիչ գումար ծախսել ապրանքներ գնելու համար, քանի որ դրամական եկամուտներն ընդհանուր առմամբ կրճատվել են՝ դրամական փոխանցումների հոսքի անկման պատճառով:
Սմբատ Գրիգորյան




























