ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի եւ բարեկամ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետություններն էլ դրանք բնորոշում են որպես առանձնաշնորհյալ հարաբերություններ, այսօրվա խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների եւ հեռանկարների վրա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Էական է, որ վերջին տարիներին բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդվեց եւ ակտիվացան հայ-ֆրանսիական հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առեւտրատնտեսական ոլորտներում, ընդլայնվեց իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 40-ից ավելի համաձայնագրեր: Այսօր մենք բացառապես խոսելու ենք հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին եւ սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այդ ընկերություններից շատ-շատերը հայտնի են ողջ աշխարհով եւ իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում: Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստանում: Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռեւս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման եւ առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների եւ ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր առեւտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա կամ էլ կարող են բավարարել մեզ: Երկրորդ՝ առեւտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջեւ դեռեւս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ այդ հարաբերությունները զարգացնելու, եւ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք ենք կատարում, որպեսզի հասնենք մեզ բավարարող այն նվազագույնին, ինչից հետո կարող ենք խոսել շատ լուրջ զարգացումների մասին: Գիտեմ, որ նաեւ այս տարի է նախատեսվում անցկացնել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, գործարար հարթակի վրա աշխատանք, բայց տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ անգամ այսպիսի միջոցառումների անցկացումն ուղղակի անբավարար է: Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ աշխարհով մեկ: Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, եւ նրանք սերտորեն չհամագործակցեն: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր»,-նշել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Վիգեն Չիտեչյանը հանգամանորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգի հարցերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից այդ ոլորտում ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերը, առկա խնդիրները եւ առաջիկա ծրագրերը: «Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին: Այսօրվա քննարկումները, որոնց նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում, վստահաբար կօգնեն մեզ վերլուծել պատճառները եւ գտնել տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին բարձրացնելու հնարավորությունները: Մինչեւ 90-ական թվականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում: Տնտեսական կապերն աշխուժացան, գագաթնակետին հասնելով 2007-2008թթ., ինչում, անշուշտ, կարեւոր խթան հանդիսացավ ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, որի նախապատրաստական շրջանում, ինչպես նաեւ բուն ընթացքում մեր երկիրը հայտնվեց ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների ուշադրության կենտրոնում: Եվ Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով: Դրան նպաստեցին նաեւ երկկողմ մի շարք տնտեսական համաժողովները, բիզնես ֆորումները, որոնցից երկուսը միայն Հայաստանի Նախագահի մակարդակով անցկացվեց Փարիզում եւ Լիոնում, եւ մեկը Ֆրանսիայի Նախագահի մասնակցությամբ՝ Երեւանում: Կհիշատակեմ նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի կազմակերպած տնտեսական համաժողովը՝ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Այս պայմաններում վերջին տարիներին աշխատանքը նպատակաուղղեցինք մի կողմից դեպի թիրախային ծրագրեր, մյուս կողմից՝ դեպի փոքր եւ միջին ձեռնարկությունները: Թիրախային ծրագրերի իրականացման նպատակով դեսպանությունը կապեր հաստատեց ու զարգացրեց Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գործակալությունների հետ, որոնց մեջ հատկապես առանձնանում է ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-ասել է Վիգեն Չիտեչյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների եւ ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին եւ համապատասխան գերատեսչություններին: