Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը քրդական սպառնալիքին է խառնում նաեւ հայ-քրդականը։ Այս մասին Gazeta Wyborcza պարբերականում գրում է լեհ լրագրող Դավիթ Վարշավսկին։

Հեղինակը մասնավորապես նշում է. «Թուրքական արդարության հետ ամեն բան կարգին է։ Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Zaman թերթի դեմ, ինչը նույն պահին թերթի քաղաքականությունը փոխեց 180 աստիճանով։ Անկարայում մեկ այլ դատարան բլոգեր Հայկո Բաղդատին պարտավորեցրեց քաղաքապետին փոխհատուցում վճարել։ Քաղաքապետ Մելիք Գյոքչեքը Twitter-ում բազմիցս օգտագործել էր «հայ» բառը՝ որպես վիրավորանք, այդ թվում՝ Բաղդատի հասցեին։ Վերջինս, ի պատասխան, գրել էր, որ քաղաքապետն ինքն է հայ։ Գյոքչեքը անձը վիրավորելու համար դատարան էր դիմել, եւ դատարանն ընդունել էր նրա իրավացիությունը։ Անգամ նախագահ Էրդողանն էր չարությամբ նշել, որ հակառակորդներն իրեն մեղադրում են, որ ինքը վրացի է եւ, «անգամ ավելի վատ, հայ է»։

Մի երկրում, որտեղ շարային են երգում «Քրդե՛ր, հայե՛ր, մոտ է ձեր վախճանը, կանեմ ձեզ այն, ինչ հայրս արեց», Բաղդատն անգամ չէր կարող արդարանալ դատարանի առջեւ, որ եթե ինքն ընդունում է, ինքը հայ է, ապա ինչպե՞ս ինքը կարող է դրանով վիրավորել  ուրիշին։

Երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Մոսկվայում քրդական  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գրասենյակ բացելուն, ասել էր, թե նրանք Ռուսաստանի հետ համագործակցում են այնպես, ինչպես «ժամանակին հայկական խմբավորումները», հասարակության մեջ խմորումներ էին սկսվել։ Փլուզվեց կոալիցիա ձեւավորելու մասին համաձայնությունը մի երկրում, որտեղ իշխանությունները մշտապես ընդդիմության մեջ տեսնում են քուրդ, ռուս, հրեա դավաճանների։

Սակայն Թուրքիայում «հայկական խմբավորումներ» չկան դեռ 1915 թվականից, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց առնվազն 800 հազար հայերի։ Քրդական կուսակցության պատգամավորները վարչապետին մեղադրեցին քսենոֆոբիայի մեջ։ Միաժամանակ Էրզրումում պաշտոնապես նշեցին երկիրը հայ դավաճաններից «մաքրելու» տարելիցը։  Այդ պատճառով համանմանությունը, որն անցկացնում է Թուրքիայի վարչապետը, քրդերին ոչ մի լավ բան չի խոստանում։

Այդ ամենը, սակայն, կրում է պատմական քամահրանքի մի հսկայական բեռ, քանի որ 1915թ. երկիրը հայերից «մաքրելու» գործը զգալի կերպով իրականացվել է քուրդ խմբավորումների ձեռքով, որոնց հրահրել էր իշխանությունը։ Սակայն այսօրվա քրդերը ընդունում են պատմական մեղքը, ինչը պատիվ է բերում նրանց։ Ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների։

Մեկ տարի առաջ Դավութօղլուն իր հայտարարության մեջ ասել էր, թե թուրք-քրդական խաղաղության գործընթացը ընդհատվել է, քանի որ քրդական կուսակցությունը սկսել է համագործակցել հայկական սփյուռքի հետ։ «Դուք հա՛յ եք, հա՛յ եք»,- բղավում էին ոստիկանները քրդաբնակ Ջիզրե քաղաքում գործողությունների ժամանակ։ Էրդողանի խորհրդական Բուրհան Քյուզյուն կարծում է, որ սպանված քրդերի հագից պետք է հանել անդրավարտիքները։ Եթե թլպատված չեն, ուրեմն հայ են»։