Պաշտոնական տվյալների համաձայն, փետրվարին սպառողական ապրանքների գները նվազել են տարեկան հաշվարկով միջինը  3,9 տոկոսով: Մինչդեռ ծառայությունների ոլորտում ճիշտ հակառակ պատկերն է. ինֆլյացիան 3,4 տոկոս է կազմել:

Հիշեցնենք, որ ընթացիկ գներով հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան հաշվարկով կրճատվել է ավելի քան  6,5 մլրդ դրամով (կամ 8,3 տոկոսով): Հայտնի է, որ Հայաստանում չափազանց ցածր է ապրանքների սպառման մակարդակը: Այնպես որ, նման անկումը կարելի է գնահատել որպես ծայրաստիճան բացասական: Պատճառը եւս բոլորին հայտնի է. զգալիորեն նվազել է հանրապետություն ուղարկվող փոխանցումների հոսքը:  

Զարմանալին այն է, որ այդ նույն ամսին աճել է ծառայությունների շրջանառությունը` մոտ 5,4 մլրդ դրամով (կամ 6,4 տոկոսով): Ստացվում է, որ մեր քաղաքացիների պահանջարկը ապրանքներից վերաուղղորդվել է դեպի ծառայությունները եւ որպես հետեւանք վերջիններիս սակագները բարձրացել են: Իրականում խնդիրն ավելի բարդ է, քան թվում է: 

Հունվարի տվյալներով, մեզ մոտ թանկացել է այնպիսի ապրանքների նորոգումը, ինչպիսիք են հեռուստացույցները, լվացքի մեքենաները եւ սառնարանները: Միաժամանակ երկնիշ թվերով աճել են կահույքի, կոշիկների եւ հագուստի առանձին պարագաների, ժամացույցների նորոգման սակագները: Կարելի է ենթադրել, որ շատ ընտանիքների գումարն այլեւս չի հերիքում շարքից դուրս եկածների փոխարեն նոր ապրանքների գնման համար: Նրանք էլ ստիպված նորոգում են հին սարքերն ու հագուստը, ինչպես նաեւ կոշիկները: Իսկ նորոգման վարպետները աճող պահանջարկին արձագանքել են սակագները բարձրացնելով:   

Բնակտարածքի վերանորոգման հետ կապված իրավիճակն այլ է: Պաշտոնական տվյալների համաձայն, մեր գաջ քսողները եւ ներկարարները նվազեցրել են բնակարանների նորոգման գները: Իհարկե, ոչ իրենց կամքով: Ըստ երեւույթին շատ քաղաքացիներ իրենց բնակտարածքի նորոգումը հետաձգել են կամ էլ ընդհանրապես հրաժարվել են նման  «շքեղությունից»:

Բայց վերանորոգումը համեստ բան է այնպիսի ծառայության դիմաց, ինչպիսին է  «մշակույթը, զվարճանքը եւ հանգիստը»: Հունվարին վերոհիշյալ խմբի շրջանառությունն ընթացիկ գնով մեծացել է  7,8 մլրդ դրամով (կամ էլ ավելի քան 1,7 անգամ): Դրա հետեւանքով ծառայությունների ընդհանուր ծավալում դրա տեսակարար կշիռը տարվա ընթացքում մեծացել է   8,0 տոկոսային կետով եւ հասել տպավորիչ   20,6 տոկոսի:

Միթե թերսնման պայմաններում մեր քաղաքացիները սկսել են ավելի հաճախակի այցելել թանգարաններ, մշակութային նշանակության օբյեկտներ: Այսպես ասած` նյութականը հոգեւորով են փոխարինել: Բայց այդ վարկածը ջարդուփշուր է լինում, եթե ուսումնասիրենք նշված ծառայությունների կառուցվածքը: Պարզվում է, այդ առաջին հայացքից անմեղ խմբում թաքնված են այնպիսի  «ծառայություններ», ինչպիսիք են խաղատները եւ վիճակախաղերը: 

Սմբատ Գրիգորյան