Անցյալ շաբաթ անակնկալ այցով Մոսկվա ժամանած ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆն այդպես էլ չկարողացավ համոզել Վլադիմիր Պուտինին զիջումների գնալ Ուկրաինայի հարցում։ Ընդհակառակը՝ նրա այցը, հավանաբար, ավելի կոշտացրեց Կրեմլի դիրքորոշումը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաների և ռուսական վերնախավի իր աղբյուրները։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Ռեթքլիֆը փորձել է համոզել ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարությանը, որ Մոսկվան թույլ դիրքերում է, և որ իրավիճակի սրումը միայն ավելի կվատթարացնի դրությունը։ Սակայն մոսկովյան հանդիպումներից հետո նա եկել է այն եզրահանգման, որ թեև հնչեցրել է նախազգուշացումները, այդպես էլ չի կարողացել գործը շարժել մեռյալ կետից։ Ռուսաստանում նրա այցը որակել են որպես «Պուտինին պատերազմը կանգնեցնելու հարցում համոզելու փորձ, ինչն էլ Պուտինն ընկալել է որպես թուլություն», նշել է թերթի աղբյուրներից մեկը։

The Washington Post-ի տվյալներով՝ Ռեթքլիֆի այցի գլխավոր նպատակն էր հասկացնել ռուսական կողմին, որ եթե Կրեմլն ակնկալում է, թե Ուկրաինան ամբողջությամբ կհանձնի Դոնբասը, ապա «դա պարզապես տեղի չի ունենալու»։ Նա նաև փորձել է բացատրել, որ պատերազմի շարունակումը չի բխում Ռուսաստանի շահերից։ Այս շփումների համար Թրամփի վարչակազմը հատուկ ընտրել էր ԱԴԾ ղեկավար, Պուտինի մերձավոր շրջապատի ազդեցիկ դեմքերից մեկին՝ Ալեքսանդր Բորտնիկովին, որի մասնակցությամբ նախկինում տեղի էին ունեցել գերիների և բանտարկյալների փոխանակումները։ Այս մասին ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Սակայն պարզվում է, որ իրավիճակի վերաբերյալ Ռեթքլիֆի և Պուտինի տեսակետները խիստ տարբերվում են։ ԿՀՎ ղեկավարի այցից հետո Ռուսաստանն ուժգնացրեց Կիևի ուղղությամբ հարվածները, ինչի հետևանքով վերջին 4 օրվա ընթացքում առնվազն 9 մարդ է զոհվել, ինչպես նաև առաջին անգամ վնասվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր շենքը։

Սա կարող է յուրօրինակ ազդակ լինել Վաշինգտոնին առ այն, որ «Ռուսաստանը շարունակում է հարձակողական գործողությունները և որևէ իմաստ չի տեսնում իր դիրքորոշումն ավելի ճկուն դարձնելու հարցում»,– թերթին փոխանցել է ռուսական դիվանագիտական կորպուսին մոտ կանգնած աղբյուրը։

Թեև Ռուսաստանի տնտեսությունում խնդիրներն ավելանում են (բյուջեի պակասուրդը 7 ամսում հասել է 6,5 տրիլիոն ռուբլու, իսկ նավթամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով երկիրը կորցրել է բենզինի արտադրության մեկ երրորդն ու բախվել վառելիքային ճգնաժամի), Կրեմլում համոզված են, որ ևս մի քանի ամիս պատերազմելը Ռուսաստանի համար խնդիր չէ, բայց այն հսկայական խնդիր կդառնա Ուկրաինայի համար։ Այս մասին ասել է թերթի զրուցակիցը, որը բիզնես ոլորտի ղեկավարներից է։

«Պուտինը հույս ունի, որ ժամանակն իր օգտին է աշխատում, քանի որ, չնայած վառելիքի և տնտեսական աճի հետ կապված խնդիրներին, Ռուսաստանի բնակչությունն այնքան էլ հակված չէ բողոքի ցույցերի, որքան ուկրաինացիները,– պարզաբանում է նա,– Ռուսաստանի ղեկավարությունը կարծում է, որ եթե իրենք ռմբակոծեն Կիևի և հարակից շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներն ու ջրամատակարարման համակարգերը, դա հանրային մեծ դժգոհություն կառաջացնի, և կառավարությունը ստիպված կլինի վերջ դնել պատերազմին»։

Ռմբակոծությունների շարունակումը «միակ բանն է, որ կարող է անել Ռուսաստանը», կարծում է աղբյուրը, քանի որ ուկրաինական բանակի և նրա ունեցած ռեսուրսների ոչնչացումը «չափազանց բարդ խնդիր է»։ Ամենայն հավանականությամբ, Բորտնիկովը հասկանում է պատերազմը շարունակելու ռիսկերը՝ վառելիքի պակասուրդի խորացում, սպառողական գների աճ և հնարավոր բողոքի ցույցեր, շարունակում է զրուցակիցը․ «Բայց նա չի գնա Պուտինի մոտ ու չի համոզի նրան խաղաղության համաձայնագիր կնքել ճակատի ներկայիս գծով»։