ԱՊՀ երկրների դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի հայտնաբերել Ղազախստանի ընտրական գործընթացում։ Այս մասին ասել է Առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան, փոխանցում է «ԿԱԶԻՆՖՈՐՄ»-ը։

«Մենք եղել ենք մարզերում, տարածքային ընտրական հանձնաժողովներում, տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ լուրջ խախտումներ չենք հայտնաբերել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ մեթոդիկ ապահովման առումով ամեն բան կարգին է, փաստաթղթերի ձեւակերպման տեսակետից նույնպես հարցեր չկան։

«Այդ պատճառով մենք դեռ հարցեր չունենք։ Ի հայտ են եկել միայն աննշան խախտումներ, որոնք լինում են ամենուր՝ բոլոր երկրներում։ Օրինակ, երբ գալիս են տեղամաս, որտեղ պետք է ընթանա քվեարկությունը, ամենակարեւորն այն է, որ գործընթացը լինի տեսանելի եւ հետեւելու հնարավորություն տրվի։ Որոշ տեղամասերում մենք խնդրել ենք տեղաշարժել քվեախցերը, դրանք զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է Սլոբոդան։

Հիշեցնենք, որ կուսակցական ցուցակներով ընտրվող Մաջլիսի արտահերթ ընտրությունները պետք է կայանան մարտի 20-ին։ Մաջլիսի պատգամավորների ընտրությունները, որոնց ընտրում է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան, կկայանա մարտի 21-ին։