Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, մարտի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Կիպրոս է ժամանել մարտի 15-ի երեկոյան:

Կիպրոսի բախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ երկու երկրների բուհերում ուսումը սկսելու եւ շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջեւ համատեղ հայտարարություններով:

Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները:

Իր խոսքում Կիպրոսի նախագահը, մասնավորապես, նշել է.

«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւ վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ Կիպրոսի եւ Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել եւ խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության եւ մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջեւ մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը: Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաեւ Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միեւնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն եւ կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարեւոր օղակ են, եւ նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային եւ կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու եւ ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միաձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում եւ սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը եւ դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար:

Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաեւ տեղեկանալ իմ լավ բարեկամից եւ ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ եւ զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:

Իմ ընկերոջ` ՀՀ նախագահի հետ մենք նաեւ քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, եւ ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արեւելյան գործընկերության շրջանակներում, որովհետեւ ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարեւոր եւ գնահատելի գործընկեր է եւ բանակցող: Միեւնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները եւ ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Ավարտելով խոսքս`ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել Ձեզ եւ վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան եւ կամրպանդվեն մեր եղբայրական հարաբերությունները»