Փետրվարին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալների աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.5%: Թվում է՝ այժմյան բարդ արտաքին պայմաններում այդպիսի աճը մեծ ձեռքբերում կարելի է համարել: Բայց այս ցուցանիշն առանձնակի լավատեսություն չի ներշնչում:
Բանն այն է, որ «թղթի վրա աճն» ապահովում է մետաղների արդյունահանումը: Այսինքն՝ ոլորտ, որն ուղղված է արտահանմանը եւ որում շուրջ 7 հազար մարդ է զբաղված: Միաժամանակ, վերամշակող արդյունաբերությունը, որում մի քանի տասնյակ հազար մարդ է աշխատում, ամենեւին էլ լավ վիճակում չէ:
Այսպես, հունվարին դրա արտադրանքի ֆիզիկական ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 2.1%-ով: Մեկ այլ ոլորտում՝ խմիչքի արտադրությունում, արտադրանքի ծավալները կրճատվել են մեկ երրորդովվ՝ 33.3%-ով: Հայտնի է, որ դա հիմնականում կապված է Ռուսաստան կոնյակի արտահանման ծավալների կրճատման հետ:
Ռուսաստանում, անցյալ տարվա հունվարից ի վեր առաջին անգամ, արդյունաբերական արտադրությունում աճ է նկատվել ... 1%-ով: Ռուսաստանցի փորձագետները սա կապում են նահանջ տարով. հաշվետու փետրվարի ընթացքում մեկ օր ավելի է եղել:
Ռուսաստանում օգտակար հանածոների արդյունահանումն աճել է, հատկապես՝ նավթի եւ գազի: Միաժամանակ, ավելացել է սպառողական առանձին ապրանքների արտադրությունը: Սակայն հարց է, արդյո՞ք դրական այս տեղաշարժը կպահպանվի: Շատ բան կախված է նավթի համաշխարհային գներից, որոնք Ռուսաստանի տնտեսության համար ցանկալի մակարդակի չեն հասնում (նավթի Urals տեսակի 1 բարելը՝ 50 դոլարի):
Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ Ղազախստանում փետրվարը նշանավորվել է արդյունաբերական արտադրանքի զուտ խորհրդանշական աճով՝ 0.1%-ով: ԵՏՄ-ում ամենավատը Բելառուսի գործերն են: Հունվար-փետրվարին այս երկրում արդյունաբերական արտադրանքի 5.6%-ի անկում է գրանցվել, այդ թվում վերամշակման ոլորտում՝ 6.4%-ով: Երկու ամիսների տվյալներով՝ Բելառուսի բնակչության իրական դրամական եկամուտները նվազել են 5.7%-ով, իսկ մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալները կրճատվել են 0.2%-ով:
Սմբատ Գրիգորյան




























