ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) մարտի 16-ին տոկոսադրույքը նախկին մակարդակին է թողել: Հայտնի է, որ որքան բարձր է դրույքաչափը, այնքան «թանկ է» դոլարը: Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ-ում ավելի քիչ դոլար կա, քան աշխարհի մնացյալ բոլոր երկրներում:

Դոլարն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում: Օրինակ՝ համաշխարհային առեւտրի հաշվարկներում (շուրջ 80%), SWIFT համակարգի բանկային շրջանառությունում (շուրջ 40%) եւ այլն: Այս ամենից զատ, դոլարն աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ մեր քաղաքացիների «սիրելի» արժույթն է: Այս նախընտրությունը վառ կերպով արտահայտվում է կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների օրինակով:

Եթե ավանդների գումարը դիտարկենք վերջին 10 տարիների՝ 2006-2016 թվականների հունվարի օրինակով, ապա հետեւյալ պատկերը կստանանք: Նշված ժաանակահատվածում ազգային արժույթով ավանդներն աճել են 264 մլրդ դրամով (կամ 16 անգամ), արտարժույթով ավանդները՝ 649 մլրդ դրամով (9 անգամ): Չնայած տոկոսային առումով դանդաղ աճին, արտարժույթով ավանդների մասնաբաժինը, ամեն դեպքում, բարձր է մնում (ընթացիկ տարվա հունվարին՝ ավելի քան 72%):

Հունվարի դրությամբ, «բնակչության»ավանդների գումարը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 126.4 մլրդ դրամով (այդ թվում արտարժույթով՝ 95.1 մլրդ դրամով): Միաժամանակ, ապրանքների գնման համար բնակչության ծախսերը ճիշտ հակառակ միտումն են դրսեւորում: Օրինակ՝ անցյալ տարի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ գներում կրճատվել են 114.1 մլրդ դրամով:

Ինչպե՞ս է սա ստացվել, ամբողջ երկրում ապրանքների սպառման բավական ցածր մակարդակի ֆոնին: Գուցե ընտանիքները, կիսաքաղցած մնալով, նախընտրում են ավանդադրե՞լ իրենց համեստ միջոցները: Այս տարբերակը պետք է բացառել անմիջապես: Եզրակացությունը միանշանակ է. մեր հասարակության հարուստ եւ աղքատ խավերի միջեւ անդունդը խորացել է: Մի մասի մոտ ֆինանսական միջոցները չեն բավականացնում նույնիսկ ապրանքներ գնելու համար, մյուսների պարագայում բարեկեցության մակարդակը շարունակում է աճել:

Սմբատ Գրիգորյան