Մարտի 23-ին Ուկրաինայի Վ. Վերնանդսկու անվան Ազգային գրադարանում կբացվի «Հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը նվիրված է Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի, Կիեւի հայկական համայնքի ու Ուկրաինայի Վ. Վերնանդսկու անվան Ազգային գրադարանի աշխատակազմի ջանքերով, հայտնում է Analitikaua–ն:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության հետաքրքիր փաստեր: Ցուցանմուշներից կարելի է առանձնացնել հայկական հրաշագործ սրբապատկերները, գրաֆիտին՝ Կիեւի Սոֆիա տաճարում ու 1616 թ. հայկական տպագրության նմուշները: Ցուցահանդեսի բացումը կվարի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժոողովի ղեկավար Դանիթ Դավթյանը:

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, սա Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության ու այդ երկրում նրանց ստեղծագործական գործունեության փոքր մասն է:

«Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմությունն ու մշակույթը հազվագյուտ երեւույթ է՝ ստեղծագործական աշխատանքի համակցում ինքնաբավ մշակույթի հետ, որի արմատները սկիզբ են առնում 10-րդ դարից: Հայկական սփյուռքի ներկայացուցիչների շարքերում եղել են գիտնականներ, երգահաններ, ճարտարապետներ, գրողներ, երաժիշտներ, բժիշկներ, քանդակագործներ, նկարիչներ, պետական այրեր, քաղաքական գործիչներ, զինվորականներ, գյուտարարներ, իրավաբաններ, հայտնի հասարակական գործիչներ ու բարերարներ: Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում ավելի քան 100 եկեղեցի են կառուցել, իրենց սեփական եկեղեցիներն ունեցել, բանկերը, արհեստանոցներն ու գործարարնները, տպագրատները, առեւտրային ընկերությունները»,- նշում են պատմաբանները:

Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի Ուկրաինայում հայկական գրքի տպագրությունը 400 տարեկան է դառնում: Լվով քաղաքը դարձել է հայկական գրքի տպագրության չորրորդ կենտրոնը՝ Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո:

Լվովում տպագրված առաջին հայերեն գիրքը «Դավիթ եւ Սաղմոսն» էր, որը հրատարակվել է 1616 թ. դեկտեմբերի 15-ին: