Փետրվարին այսպես կոչված «առեւտրի շրջանառությունը» տարեկան հաշվարկով կրճատվել է 1,1 տոկոսով: Նշենք, որ մեր վիճակագիրները տվյալ ցուցանիշի մեջ ներառում են ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ առեւտրաշրջանառության ծավալը, ինչպես նաեւ մարդատար մեքենաների վաճառքը: Քանի որ փետրվարի համար ավելի մանրամասն տվյալներ առայժմ չեն հրապարակվել, հունվարի օրինակով հայտնենք, թե ինչ է տեղի ունենում ապրանքային շուկայում: 

«Առեւտրի շրջանառության դինամիկան» մեծ մասամբ կանխորոշվում է մանրածախ առեւտրաշրջանառությամբ, որի մասնաբաժինը բավականին բարձր է  (հունվարին` ավելի քան 61 տոկոս): Նշված ամսում «առեւտրի շրջանառության մեջ» եւս անկում է արձանագրվել, տարեկան հաշվարկով` 2,7 տոկոս: Ընդ որում, մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է   5,7 տոկոսով, փոխարենը  մեծածախինը եւ մարդատար մեքենաներինն աճել է համապատասխանաբար   1,5 եւ 16,6 տոկոսով: Ի գիտություն` մեքենաների վաճառքի ցուցանիշի մեջ ներառվում է նաեւ պահեստամասերի վաճառքը եւ վերանորոգման ծախսերը: 

Այդ տվյալների հիման վրա հնարավոր  է ենթադրել, որ փետրվարին  կրկնվել է հունվարյան սցենարը: Այսինքն` շարունակվել է մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալի անկման միտումը, որը որոշ չափով փոխհատուցվել է մեծածախ առեւտրի եւ մարդատար մեքենաների աճով: Սոցիալական տեսանկյունից իհարկե հատուկ նշանակություն ունի մանրածախ առեւտրաշրջանառության դինամիկան: 

Առաջին հայացքից պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Երկրում դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս` մինուս նշանով: Միաժամանակ, պաշտոնական տվյալներից դատելով, ամսական անվանական աշխատավարձն աճել է  2,4 տոկոսով: Այդ տրամաբանության համաձայն, նման պայմաններում ապրանքների վաճառքը կարող էր ավելանալ: 

Սակայն ակնհայտ է ճիշտ հակառակ պատկերը. մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է ինչպես համեմատելի, այնպես էլ ընթացիկ գներով: Պատճառները հայտնի են դեռեւս անցյալ տարվանից. դրամական փոխանցումների գծով մեր քաղաքացիների եկամուտը նկատելիորեն կրճատվել է եւ ապրանք գնելու փող ավելի քիչ կա: 

Սմբատ Գրիգորյան