Նույնասեռական զույգերը եկեղեցում ամուսնանալու նույն իրավունքն ունեն, ինչ հետերոսեքսուալ զույգերը: Այս մասին հայտնել է Բեռլինի ու Բրանդենբուրգի ավետարանչական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Դրյոգեն Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում, գրում է DW–ն:

«Ես շատ կողմ եմ դրան: Կարեւորն այն է, որ երկու մարդիկ պատրաստ են երկարաժամկետ պատասխանատվություն ստանձնել իրար համար»,- ասել է նա:

Եկեղեցական սինոդը կարող է այս հարցը քննարկել ապրիլի 8-9-ը: Առայսօր նույնասեռական զույգերն առավելագույնը կարող էին եկեղեցական օրհնանք ստանալ: Իսկ ավելի քան մեկ միլիոն հավատացյալների միավարող Բեռլինի ու Բրանդենբուրգի ավետարանչական եկեղեցու հավանության դեպքում այն կդառնա երրորդ եկեղեցին Գերմանիայում, որտեղ թույլատրված է միասեռական զույգերի ամուսնությունը: Հիմա նույնասեռական զույգերը կարող են ամուսնանալ միայն Հեսսենի ու Նասսաուի ավետարանչական եկեղեցիներում, նաեւ Ռեյնի շրջանում:

2015-ի մայիսի վերջին Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է նախապատրաստել նույնասեռականների քաղաքացիական կապը իրավական տեսակետից ամուսնությանը հավասարեցնելու մասին: Այդ նույն թվականի հունիսին բունդեսրատը բունդեստաագին կոչ է արել փոխել օրենսդրությունը, որպեսզի միասեռականները կարողանան ամուսնանալ ու երեխաներ որդեգրել: Բունդեստագում, սակայն, միակարծություն չկա հետերո եւ հոմոսեռական զույգերի իրավունքներն ամբողջովին հավասարեցնելու հարցում: