Ամերիկացի գիտնականները պարզել են Երկիր մոլորակի շատ լեզուների ու մշակույթների համար ընդհանուր դեմքի արտահայտությունը՝ այն արտահայտում է բացասական զգացմունքներ . «ոչ, ես համաձայն չեմ»: Այս մասին հայտնում է Cognition ամսագիրը, փոխանցում է Lenta–ն:
«Ոչ- դեմքը»՝ ինչպես այս արտահայտությունն անվանել են հետազոտողները, ստեղծվում է մոտեցրած հոնքերի, սեղմած շրթերի ու բարձրացրած ծնոտի միջոցով: Այն հավասարաչափ հասկանալի է անգլերեն, իսպաներեն, չիներեն խոսողներին նաեւ խուլուհամրերին, որոնք շփվում են ամսլենի (ժեստերի ամերիկյան լեզվի) օգնությամբ:
Ամերիկացի լեզվաբանների խումբը փորձում է գտնել ընդհանրություններ, որոնք բնորոշ են Երկրի բոլոր լեզուներին: Նրանք ենթադրում են, որ ավելի հասկանալի են բացասական բովանդակության ուղերձները, քանի որ ագրեսիա արտահայտելու համար միջոցները մարդու նախնիների մոտ ձեւավորվել են դեռ մինչեւ լեզվի ստեղծումը:
Հետո հետազոտողները ենթադրել են, որ ունիվերսալ «ոչ դեմքը» ( եթե այն գոյություն ունի) պետք է բաղկացած լինի երեք հիմնարար արտահայտություններից՝ բարկությունից, զզվանքից ու արհամարհանքից: Այս հիպոթեզը ստուգելու համար նրանք հավաքել են Օհայո նահանգի համալսարանի 158 ուսանողներին (տարբեր լեզուներ կրողների ) ու նրանց նստացրել տեսախցիկի առաջ: Նրանց հետ զրուցել են ու տեսագրել նրանց դեմքի արտահայտությունը, որը ուղեկցել է բացասական քերականական մարկերներին ( բառերին ու քերականության տարրերին, որոնք համապատասխանում են բացասական կարծիքին ու զգացմունքներին): Դրանից հետո համակարգչային ալգոռիթմերը բացահայտել են դեմքի այդ արտահայտությունների ընդհանրությունները:
Պարզվել է, որ դիմային մկանները բնազդաբար սեղմվում են, ձեւավորելով «ոչ դեմքը», այն նույն հաճախությամբ, որով մարդիկ ասում են ոչ ( կամ ցույց տալիս համապատասխան շարժումը) « Որքանով տեղյակ ենք, սա առաջին ապացույցն է, որ դեմքի արտահայտությունը, որը պատասխանատու է բացասական դատողությունների համար, լեզվի անքակտելի ու ունիվերսալ տարրն է»,- հայտնել է հոդվածի համահեղինակ Ալեքս Մարտինեսը:



























