Ամերիկյան Քիմիական ժառանգության հիմնադրամի աշխատակիցները «փիլիսոփայական սնդիկի» ստեղծման միջոց են հայտնաբերել: Հիմնադրամի կայքում հաղորդվում է, որ մասնավոր կոլեկցիոներից ձեռք է բերվել XVII դարի` Իսահակ Նյուտոնի ձեռքով գրված մի ձեռագիր, որտեղ ալքիմիական փորձարկումներ են նկարագրված, հայտնում է Gazeta-ն:
«Ենթադրվում էր, որ փիլիսոփայական սնդիկը պիտի որոշ մետաղներ բաղադրիչ մասերի բաժաներ այլ մետաղների ստեղծման համար: Այդ գործընթացը անհրաժեշտ էր փիլիսոփայական քարի ստեղծման համար, որը, ինչպես կարծում էին ալքիմիկոսները, կարող էր ցանկացած մետաղ ոսկու վերածել», — պարզաբանում է Քիմիական ժառանգության հիմնադրամի աշխատակից Ջեյմս Վոուլկելը:
Հետազոտողների խոսքով, Նյուտոնը կարող էր այդ տեքստն օգտագործել սեփական ալքիմիական փորձարկումները կատարելու համար: Ձեռք բերված փաստաթղթում նկարագրվում է արճիճի հանքանյութից թռչող գոլորշիների ստացումը, ինչը, հիմնադրամի աշխատակիցների կարծիքով, Նյուտոնի մեկնաբանությամբ ալքիմիական փորձարկումների փուլերից մեկն էր: Այնուամենայնիվ, հավաստիորեն հայտնի չէ մեծագույն գիտնականի` փիլիսոփայական քար ստեղծելու փորձերի մասին. այդ մասին ոչինչ չի ասվում Նյուտոնի լաբորատոր գրություններում, որոնք պահվում են Քեմբրիջում:
Ձեռք բերված տեքստի ավելի ընդարձակ ուսումնասիրման համար Քիմիական ժառանգության հիմնադրամը նախատեսել է այն ներառել «Իսահակ Նյուտոնի քիմիան» առցանց նախագծում, որը ղեկավարում է Ինդիանայի համալսարանը:



























