Ամերիկյան Իլինոյս նահանգում հյուրանոցին տուգանել են 80 հազար դոլարով գեյի հարսանիքը անցկացնելուց հրաժարվելու համար, հայտնում է Reuters–ը: TimberCreek Bed & Breakfast հյուրանոցի նկատմամբ համապատասխան որոշումը կայացրել է մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը:

2011-ին Թոդդ ու Մարք Ուոթենները հյուրանոց էին ընտրում նույնասեռականների քաղաքացիական միության արարողությունը նշելու համար: Նրանք դիմել էին նաեւ TimberCreek-ին:

Հյուրանոցի սեփականատեր Ջիմ Ուոլդերը մերժել էր զույգին: Իր էլեկտրոնային նամակում նա հայտնել էր, որ «հոմոսեքսուալիզմը անբարոյական ու անբնական է»:

Հիմա հյուրանոցը պետք է ամուսիններից յուրաքանչյուրին 15 հազարական դոլար վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում: Բացի դրանից հյուրանոցը պետք է վճարի իրավաբանների ծառայությունները ու մյուս ծախսերը: Վճարի ընդհանուր գումարը գերազանցել է 80 հազար դոլարը:

Նույնասեռականների ամուսնությունները ԱՄՆ-ում օրինականացվել են 2015-ի հունիսին: