2015-ին աշխարհում տեղի ունեցած աղետալի դեպքերը եւ տարերային աղետները 92 մլրդ դոլարի ընդհանուր տնտեսական վնաս են հասցրել, ընդ որում բնական աղետների թիվը ռեկորդային է եղել: Նման տվյալներ է պարունակում շվեյցարական Swiss Re ապահովագրական ընկերության զեկույցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ տարի 353 աղետ է արձանագրվել, որից 198-ը բնական է եղել: Վիճակագրության տվյալներով, սա մեկ տարվա ընթացքում ամենամեծ քանակությունն է: Ինչպես բնական, այնպես էլ մարդկանց մեղքով տեղի ունեցած բոլոր աղետներից տնտեսական ընդհանուր կորուստները 2015-ին 92 մլրդ դոլար են կազմել», - նշված է փաստաթղթում:
Swiss Re-ի տվյալներով, ամենաավերիչը Նեպալի երկրաշարժն էր: Դրա վնասը 6 մլրդ դոլար է կազմել, իսկ զոհերի թիվը հասել է 9 հազար մարդու: «Նեպալի երկրաշարժը, որի էպիկենտրոնը մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում էր, լայնածավալ ավերածությունների եւ վնասի պատճառ է դարձել, որը մեծ մասամբ փոխհատուցվել է ապահովագրական վճարումների հաշվին: Ողբերգությունը տեղի է ունեցել այն տարածաշրջանում, որտեղ մարդիկ առավել քիչ էին ի վիճակի պաշտպանել իրենց», - նշել է ընկերության գլխավոր տնտեսագետ Կուրտ Կառլը:
Ընդ որում, ամենախոշոր աղետը, որի կորուստները (մոտավորապես 2,5-3,5 մլրդ դոլար) փոխհատուցվել են ապահովագրության միջոցով, Տյանցզին չինական քաղաքի նավահանգստային պահեստի պայթյունն էր, որի հետեւանքով 173 մարդ էր զոհվել: Ընկերությունը նշում է, որ անցյալ տարի ամենից ավելի տուժել են Ասիայի երկրները, տարբեր տեսակի աղետներից նրանց տնտեսական կորուստները 38 մլրդ են կազմել:



























