Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը որպես ականատեսի հարցաքննելու է երկրի նախկին նախագահ Լեխ Վալենսային խորհրդային ժամանակաշրջանում հատուկ ծառայությունների հետ համագործակցության գործով, գրում է Gazeta Wyborcza–ն:
Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարին ՆԳՆ նախկին ղեկավար Չչեսլավ Կիշչակի այրուց առգրավվել են արխիվային փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Վալենսան 1970-ականներին եղել է հատուկ ծառայությունների գործակալ: Այսպես, փաստաթղթերի մեջ կա անվտանգության ծառայության հետ համագործակցության մասին ձեռագիր համաձայնություն՝ «Լեխ Վալենսա «Բոլեկ» ստորագրությամբ, նաեւ ստացված վարձատրության մասին փաստաթղթեր ու բազմաթիվ հաղորդումներ:
Հայտնում են, որ այս աղմկահարույց գործով արդեն հարցաքննվել են հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք մինչ այդ աշխատել են հայտնաբերված փաստաթղթերի հետ, ու Կիշչակի այրին՝ Մարիան:
«Ծրագրվում է վկա Լեխ Վալենսայի ու այս գործով մյուս վկաների հարցաքննությունը»,- հայտնել է Ազգային հիշողության ինստիտուտի մամուլի քարտուղար Ագնեշկա Սոպինսկա Յարեմչակը:
Բացի դրանից նա հայտնել է, որ այս գործով իրականացվում է փաստաթղթերի գրաֆոլոգիական փորձաքննություն: Հետաքննության ավարտի ժամկետը հայտնի չէ:



























