Լեզվաբան-փորձագետ Միկաել Պարկվալը հայտարարել է, որ Շվեդիայում տարածվածությամբ երկրորդ լեզուն արաբերենն է դառնում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով անցյալ տարվա փախստականների մեծ հոսքը, հիմա արաբերենը շրջանցում է ֆիններենը՝ դառնալով ամենատարածված լեզու շվեդերենից հետո»,- ասել է նա:
Փորձագետը նման եզրահանգման է եկել հարցումների եւ միգրացիոն ու դպրոցական կրթության վարչությունների տվյալների հիման վրա: Միաժամանակ, 2012 թվականի տվյալներով, Շվեդիայի 200 հազար բնակիչներ իրենց մայրենի լեզուն նշում էին ֆիններենը, իսկ արաբերենը մայրենի էր միայն 155 հազար մարդու համար:
Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից միգրանտների թիվը գերազանցել է մի քանի տասնյակ հազարը: Անցյալ տարի 9.8 մլն բնակչության ունեցող Շվեդիան 163 հազար փախստականի է ընդունել:



























