Հունաստանը ապրիլի 7-ին կմնա առանց ավիահաղորդակցության՝ քաղաքացիական ավիացիայի ծառայողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել, հետաձգվել են թռիչքները՝այդ թվում Ռուսաստան եւ Ռուսաստանից Հունաստան: Հունաստանի օդանավակայանները չեն աշխատելու, հունական ավիաընկերությունները տասնյակ չվերթներ են հետաձգել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքացիական ավիացիայի ծառայողների ֆեդերացիան (OSYPA) միացել է պետական սեկտորի արհմիությունների՝ ADEDY –ի գործադուլին «սոցապահովման համակարգի ծրագրվող ոչնչացման» դեմ:
Քաղավիացիայի ծառայողները եւս մեկ պահանջ են առաջ քաշել՝ նրանք դեմ են հունական պետական օդանավակայանների վաճառքին, ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ: Հունաստանի իշխանությունները վաճառում են 14 օդանավակայան, դրանց գնորդը գերմանական ընկերություն է:
Ավիադիսպետչերների ու քաղավիացիայի ծառայությունների աշխատակիցների գործադուլը սկսվելու է ապրիլի 7-ին կեսգիշերից հետո՝ 0:01-ին ու ավարտվելու հաջորդ կեսգիշերին:
Գործադուլը չի վերաբերելու պետության ու կառավարության ղեկավարների, ռազմական ու բժշկական ավիացիայի ու չկանխատեսված հանգամանքների դեպքում թռիչքներին:
Պետական սեկտորի ծառայողների արհմիությունը ապրիլի 7-ին անցկացնոմ է 24 ժամյա գործադուլ կենսաթոշակային բարեփոխման դեմ: Առավոտյան ժամը 11-ին Աթենքում Կլաֆթմոնաս հրապարակում հանրահավաք է լինելու:




























