Amnesty International միջազգային կազմակերպությունն արձանագրում է, որ 2015 թվականը մահապատիժների քանակով վերջին 25 տարվա ընթացքում ռեկորդային է եղել։ Կազմակերպության հաշվարկով՝ 2015-ին մահապատժի է ենթարկվել 1,6 հազար մարդ, որը ավելի քան 50 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ վիճակագրության մեջ չի հայտնվել Չինաստանը, որտեղ մահապատիժներին վերաբերող թվերը պետական գաղտնիք են համարվում։

Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիի խոսքով՝ կազմակերպության տվյալները խորը մտահոգությունների տեղիք են տալիս։

2015-ին մահապատժից հրաժարվել են Ֆիջին, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապեությունն ու Սուրինամը։ Արդյունքում բարձրագույն պատժաչափը պահպանվել է աշխարհի 102 երկրներում։

Պակիստանում 2015-ին իրականացվել է 320 մահապատիժ, Իրանում՝ 977, ընդ որում, դատապարտյալներից 4-ը եղել են անչափահաս։ Սաուդյան Արաբիայում իրականացվել է 158 մահապատիժ, ինչը 76 տոկոսով ավելի շատ է, քան 2014-ին։

Աճել է նաեւ Եգիպտոսում եւ Սոմալիում մահապատիժների թիվը։ 2014-ին ոչ մի մահապատիժ չիրականացրած երկրները 2015-ին դիմել են այդ քայլին։ Չադում ավելի քան 10 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ են կիրառել։

«2015-ին ամենաշատը այդ ծայրահեղ միջոցին դիմած երկրներն են Չինաստանը, Իրանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը, հենց այս հերթականությամբ»,- ասված է զեկույցում։

ԱՄՆ-ում իրականացվել է 28 մահապատիժ, ինչը 1991-ից հետո ամենափոքր ցուցանիշն է։

Եվրոպայի միակ երկիրը, որտեղ դեռ պահպանվում է մահապատիժը, Բելառուսն է, որը 2015-ին, Amnesty International-ի տեղեկություններով, իրականացրել է 2 մահապատիժ։

Իրավապաշտպանները նշում են, որ ամենից շատ իրենց մտահոգում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում մահապատժի է ենթարկվել 1196 մարդ։