Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 5.5 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի կենցաղային թափոնների աղբանոցի ծրագրով: Վարկը կազմված է նախկինում համաձայնեցված 3.5 մլն եվրոյից եւ 2 մլն դոլարի չափով նոր վարկից:
Լրացուցիչ միջոցները թույլ կտան ընդլայնել ծրագիրը. եթե նախկինում ծրագրվում էր դրանում ներառել միայն Կոտայքի մարզն ու Գեղարքունիքի Սեւան քաղաքը, ապա հիմա՝ ամբողջ Գեղարքունիքի մարզը:
Կառուցվելիք աղբանոցը, որը կսպասարկի երկու մարզերը, Հայաստանում Եվրամիության չափանիշներին համապատասխան առաջին աղբանոցը կլինի: Այն կգտնվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ կսպասարկի երկու մարզերի 12 քաղաքներ եւ 500 հազար բնակիչների:
Վարկի շրջանակում նաեւ նույն՝ 5.5 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրվի, որից 3.5 մլն-ը՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքից եւ 2 մլն՝ E5P հիմնադրամից:
Ֆինանսական համաձայնագրերը կստորագրվեն ապրիլի 6-ին Երեւանում, Հայաստանի ֆինանսների նախարարի, ծրագրի մասնակից քաղաքների ղեկավարների եւ EBRD-ի ներկայացուցչի կողմից:




























