Հունաստանում այսօր՝ ապրիլի 7-ին, մեկօրյա գործադուլ են անցկացնում պետական ոլորտի աշխատակիցները, որոնք հանդես են գալիս կենսաթոշակային ապահովման եւ սոցիալական ապահովագրության համակարգերի բարեփոխումների դեմ: 

Կեսգիշերից դադարեցվել է ավիահաղորդակցությունը, չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները։ Առավոտյան ժամը 6,00-ից գործադուլ են սկսել լրագրողները։ Առավոտյան չեն բացվի պետական եւ քաղաքային հաստատությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բողոքի ակցիան անցկացնում է պետական սեկտորի ADEDY արհմիությունը, որը հայտարարել է «սոցիալական ապահովման համակարգի սպասվող վերացման մասին»։ Արհմիությունները կարծում են, որ ՍԻՐԻԶԱ-ի ձախ կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության նեոազատական կոշտ տնտեսական քաղաքականությունը:

Քաղաքացիական ավիացիայի ծառայողների դաշնությունը (OSYPA), միացել է գործադուլին՝ ավելացնելով եւս մեկ պահանջ՝ չվաճառել հունական պետական օդանավակայանները։

Հունաստանի իշխանությունները վաճառում են 14 օդանավակայաններ, որոնց գնորդը գերմանական ընկերություն է: Ավիադիսպետչերների եւ քաղավիացիայի ծառայությունների աշխատակիցների գործադուլն սկսվել է ապրիլի 7-ի կեսգիշերին եւ կավարտվի ուղիղ 24 ժամ անց: