Anonymous Philippines-ը՝ հանրահայտ հաքերների խմբի տեղական ենթախումբը, կոտրել է ֆիլիպինյան ընտրական հանձնաժողովի կայքը եւ սպառնալիքներով լի հաղորդագրություն հրապարակել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Softpedia կայքը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին, հաղորդագրությունը կայքի վրա մնացել է 2 օր: Դրանում հաքերները նշել են, որ որոշ շահագրգիռ պետական անձինք կարող են կոտրել էլեկտրոնային քվեատուփերը եւ ազդել քվեարկության արդյունքների վրա: Հաքերները հայտարարել են, որ արդար ընտրությունների կողմնակից են:
Anonymous-ից հետո ընտրական հանձնաժողովի կայքը կոտրել են նաեւ LulzSec Philippines խմբի հաքերները: Նրանց հաջողվել է հափշտակել 55 մլն ֆիլիպինցիների անձնական տվյալներն ու դրանք հրապարակել համացանցում: Անձնական տվյալների թվում են ֆիլիպինցիների անունները, ծննդյան տարեթվերը, անձնագրային տվյալներն ու նույնիսկ մատնահետքերը:




























