Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի նախկին պահակը մահացել է գերմանական Հանաու քաղաքում դատավարության սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Նրան մեղադրում էին 1075 բանտարկյալների սպանությանն օգնելու մեջ: Նախկին էսէսականը 93 տարեկան էր: Դատավարության սկիզբը ծրագրված էր ապրիլի 13-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Էռնսթ Տ.-ն համակենտրոնացման ճամբարում պահակ է աշխատել 1942-ի նոյեմբերի 1-ից մինչեւ 1943թ. հունիսի 25-ը, եղել է «Մեռյալ գլուխ» ԷսԷսական դիվիզիայի անդամ: Մասնակցել է Բեռլինից, Ֆրանսիայից ու Նիդեռլանդներից ճամբար բերվող բանտարկյալներկի ընդունմանը: Նոր եկող բանտարկյալներից առնվազն 1075 –ին միանգամից սպանել են ճամբարի գազախցերում:
Էռնսթ Տ-ի նկատմամբ դատական գործ էր հարուցվել 2015-ին, նյութերը պատրաստել էր Մայնի Ֆրանկֆուրթի դատախազությունը: Իսկ ինքը՝ պահակը երբեք չի խոսել Աուշվիցում իր ծառայության մասին, այդ մասին նույնիսկ նրա երեխաները չգիտեին, որոնք ցնցվել էին ճշմարտությունն իմանալուց հետո: Էռնսթ Տ.-ի դատապաշտպանի խոսքով, նա անդամակցել էր ԷսԷս-ին, քանի որ «ուտելու բան չուներ, իսկ այնտեղ կերակրում էին»:
Օսվենցիմից հետո նա կռվել է Արեւելյան ճակատում, գերի ընկել, վերադարձել Գերմանիա 1948-ին: Ամբողջ կյանքում աշխատել է գործարանում, ապրել գյուղում: Հարեւանները ու ընկերները նրան նկարագրում էին որպես համեստ ու բարյացակամ անձնավորություն:




























