Ահաբեկիչները կարող են զենք գնել՝ օգտվելով Facebook սոցիալական ցանցի առցանց-խանութներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:
«Այստեղ կարելի է ցանկացած սպառազինություն գտնել՝ ատրճանակից եւ նռնակից մինչեւ ծանր գնդացիր եւ կառավարվող հրթիռներ»,- նշված է հոդվածում: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Մերձավոր Արեւելքի երկրներին մատակարարվող զենքի մասին է:
Պարբերականի փոխանցմամբ, այդպիսի առցանց-խանութներն ի հայտ են գալիս, առաջին հերթին, այն տարածաշրջաններում, որտեղ ուժեղ են ԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դիրքերը: Դրանք խախտում են զենքի մասնավոր վաճառքի մասին այս տարվա հունվարից Facebook-ի սահմանած արգելքը:
Այս շաբաթ The New York Times-ի լրագրողները Facebook-ին էին տրամադրել սեփական հետաքննության տվյալներն ու Armament Research Services (ARES) հետազոտական ծառայության զեկույցը, ինչից հետո ընկերությունն այդպիսի վեց խանութ էր փակել:
Զենքի վաճառքի շատ գործարքներ կնքվում են, երբ սոցիալական ցանցի օգտատերերը փակ խմբերում զենքի լուսանկարներ են տեղադրում: ARES-ի զեկույցում նշվում է Facebook-ում լիբիական խմբերի միջոցով զենքի վաճառքի ապօրինի գործարքների մասին՝ սկսած 2014 թվականի սեպտեմբերից:



























