Թաիլանդի իշխանությունները սկսել են քննարկել այն առաջարկը, որ հարբած վիճակում ավտոմեքենա վարողներին պետք է դիահերձարան ուղարկել՝ աշխատելու: Սա պետք է լինի նրանց համար որպես պատիժ նախատեսված հանրօգուտ աշխատանքների մի մասը, հայտնում է Mashable–ը:

Նպատակն այն է, որ նման վարորդները գիտակցեն, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը:

Այս պահին իրավախախտներին ստիպում են զբաղվել օրինակ ծառահատումով կամ փողոցներ մաքրելով: Ոմանց ուղարկում են հիվանդանոցներ՝ վթարներից տուժածներին խնամելու:

Իշխանությունների ներկայացուցչի խոսքով, անսթափ վիճակում մեքենա վարողների թիվը երկրում շարունակում է աճել: Եվ հիմա կառավարությունը դիտարկում է նրանց դիահերձարանում աշխատելու ուղարկելու առաջարկը:

Պարբերականի տվյալներով, Թաիլանդը զբաղեցնում է Ասիայում առաջին ու աշխարհում երկրորդ տեղը ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության ցուցանիշներով: