Բելգիայի Դաշնային դատախազը Բրյուսելի ահաբեկչական գործողությունների հետ կապված մի քանի ձերբակալվածի մասին է հայտնել, տեղեկացնում է  Reuters-ը:

Ձերբակալվածների թվում է Փարիզի ահաբեկչական գործողություններին մասնակցության մեջ կասկածվող Մուհամեդ Աբրինին, որը կարող է Բրյուսելի օդանավակայանի երրորդ կասկածյալը լինել` օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարահանած   «լայնեզր գլխարկով մարդը»:

Նոյեմբերին բելգիական իշխանությունները Մուհամմեդ Աբրինիի նկատմամբ միջազգային խուզարկություն հայտարարեցին, նրան տեսել էին Փարիզի ահաբեկչության գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հետ, հայտնում է   Gazeta-ն:

Ճշտվում է, որ այդ մարդուն Աբդեսլամի հետ միասին են տեսել Փարիզի ահաբեկչական գործողություններից երկու օր առաջ: Նա եղել է այն մեքենայի ղեկին, որն օգտագործվել է ահաբեկչական գործողություններ կատարելիս:   

Մարտի վերջին Բելգիայի ոստիկանությունը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունը կատարելու մեջ կասկածվողների լուսանկարը` դրանում պատկերված երրորդ տղամարդուն` սպիտակ բաճկոնով եւ լայնեզր գլխարկով մարդուն ճանաչելու նպատակով:   

2015-ի նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գրոհների շարք տեղի ունեցավ: Սրճարանի հրաձգության, «Բատակլան» թատրոնում պատանդառության եւ «Ստադ դը Ֆրանսում» պայթյունների հետեւանքով 130 մարդ է զոհվել: