Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ հնարավոր զարգացումների քննարկմանը:

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին եւ ձեւավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները եւ զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական եւ հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը եւ հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման եւ նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռեւս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձեւավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը: