Պորոշենկոն ու նրա թիմը երկու տարի ժամանակ ունեին ապացուցելու համար, որ Ուկրաինան ուզում է դառնալ Եվրոպայի մի մասը, սակայն նրանք բաց թողեցին այդ հնարավորությունը ու դրանում պետք է միայն իրենք իրենց մեղադրեն, գրում է Bloomberg–ի հոդվածագիր Լեոնիդ Բերշիդսկին:

Բերշիդսկու տեսակետից, Նիդեռլանդներում հանրաքվեի արդյունքները ապացուցեցին, որ երկու տարում թուլացած ուկրաինական պետությունը այդպես էլ չի կարողացել հասնել աջակցության հասարակ եվրոպացիների կողմից:

Իհարկե շատ հարմար կլիներ ասել, որ հոլանդացիները ոչինչ չգիտեն Ուկրաինայի մասին, կամ էլ պարզապես թքած ունեն Ուկրաինայի վրա, սակայն դա սխալ կլիներ. Դոնեցկում MH17 չվերթի ավիավթարը այդ երկրի 193 բնակիչների կյանք է խլել, հիշեցնում է հոդվածագիրը:

Դա Նիդեռլանդների պատմության մեջ ամենախոշոր ողբերգություններից մեկն է, որից հետո քաղաքացիները ուշադիր հետեւում են Ուկրաինայի իրավիճակին, շեշտել է նա:

Հեղինակի խոսքով, հանրաքվեի ժամանակ հոլանդացները կարող էին աջակցել Ուկրաինային՝ անկախություն ապահովելու ու խորհրդային ժառանգությանը վերջ տալու նրա փորձերում, բայց չարեցին դա:

«Չնայած օրեցօր ավելի հեղինակազրկվող Պորոշենկոն հանրաքվեի արդյունքները լուրջ չի ընդունում՝ հայտարարելով որ դա «ռազմավարական տեսակետից խոչընդոտ չէ դեպի ԵՄ Ուկրաինայի ճանապարհին», բայց իրականում դա կարող է վերջին հարվածներից մեկը դառնալ նախագահին, որն այլեւս ունակ չի լինի իշխանությունը իր ձեռքերում պահել»,- համարում է հոդվածագիրը:

Նա շեշտում է, որ Ուկրաինայի նախագահից երես են թեքում նույնիսկ նրա մոտ դաշնակիցները՝ օրինակ պատգամավոր Մուստաֆա Նայեմը, որը հայտարարել է, որ հոլանդական հանրաքվեի արդյունքները դատավճիռ է անձամբ Պորոշենկոյի համար:

Այս իրավիճակում Պորոշենկոյի համար շատ անբարենպաստ էր նաեւ իր մասնակցությամբ օֆշորային սկանդալը, նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային հատկացվելիք հերթական տրանշի սառեցումը:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նշել է,որ կառավարությունը հաշվի կառնի հանրաքվեի արդյունքները: Գործնական իմաստով սա գուցեեւ չանդրադառնա ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի վրա, սակայն Կիեւի համար «հանրաքվեն կարեւոր ազդանշան է օրհասական ժամանակաշրջանում»:

Ուկրաինային ըստ երեւույթին մեծ քաղաքական ցնցումներ են սպասվում: Իսկ Պորոշենկոյի հաջորդները ստիպված են լինելու երկար աշխատել, որպեսզի նվաճեն եվոպացիների վստահությունը, ամփոփում է Բերշիդսկին: