Մեքսիկայի իշխանությունները կալանավորել են միակ կնոջը, ում անունը կա ՀԴԲ տասը ամենաշատ որոնվող հանցագործների ցուցակում, հայտնում է CNN–ը:
33-ամյա Բրենդա Դելգադոն մի քանի ամիս փախուստի մեջ է եղել այն բանից հետո, երբ Թեքսասում ենթադրաբար կազմակերպել է իր նախկին սիրեցյալի նոր ընկերուհու սպանությունը:
Քննության տվյալներով, Դելգադոյի հանցակիցները սպանել էին կնոջը 2015-ի սեպտեմբերին, որից հետո ենթադրյալ հանցագործը լքել է ԱՄՆ տարածքը:
Մեքսիկայի իշխանությունները կալանավորել են Դելգադոյին՝ ՀԴԲ 10 ամենաորոնվող հանցագործների ցուցակում նրան ընդգրկելուց ընդամենը երկու օր անց: Կալանքի ժամանակ Դելգադոն դիմադրություն չի ցուցաբերել:
Նրան գտնելուն օժանդակող տեղեկությունների համար ՀԴԲ-ն խոստացել է 100 հազար դոլար:
ԱՄՆ-ում նրան մահապատիժ է սպառնում, սակայն Մեքսիկան դեմ է նման դատավճռի: CNN-ի տվյալներով Դալլասի իշխանությունները խոստացել են նրա համար ցմահ ազատազրկում պահանջել:
Դելգադոն իններորդ կինն է, որը հայտնվել է ՀԴԲ ամենաշատ որոնվող հանցագործների ցուցակում դրա ստեղծման ժամանակվանից՝ 1950 թվականից սկսած:




























