Դուբայի միջազգային օդանավակայանում (ԱՄԷ) ավտոբուսի վարորդը ուղեւորին է վերադարձրել սրահում նրա մոռացած պայուսակը`  15 հազար դոլարով եւ փաստաթղթերով:  Gulf News թերթը հայտնում է, որ տրանսպորտային ընկերության աշխատակիցն իր ազնվության համար ղեկավարության երախտագիտությանն է արժանացել եւ 800 դոլար է ստացել երախտապարտ հաճախորդից:   

Պակիստանցի Զահիդ Ալին փողով, փաստաթղթերով եւ անձնական իրերով պայուսակը հայտնաբերել է ավտոբուսի սրահը մաքրելիս: Նա իր գտածոն փոխանցել է օդանավակայանի ոստիկանությանը, որն այն վերադարձրել է տիրոջը: Այս դեպքը երրորդն է վարորդի կարիերայում եւ առաջինը, երբ նա պարգեւատրման է արժանացել: 

«Ես հույս չունեի փող ստանալ եւ սկզբում հրաժարվեցի խրախուսական պարգեւից,-լրագրողներին հայտնել է օդանավակայանի աշխատակիցը: Բայց Չինաստանից գործարարը շարունակեց պնդել, եւ ես համաձայնեցի»:

Ազնիվ վարորդի պատմությունն անսպասելիորեն արագ հայտնի է դարձել լայն հանրությանը: Այն չտեսնված ժողովրդականություն է ձեռք բերել ոչ միայն պակիստանյան համայնքի, այլեւ էմիրաթյան բազմազգ հասարակության այլ խմբերում: Սկսել են նրան նվերներ ուղարկել, որոնցում մասնավոր հովանավորները եւ հաստատությունները որոշել են տրանսպորտային ընկերության աշխատակցին խրախուսել ազնիվ արարքի համար: 

Վարորդ աշխատելու չորս տարիների ընթացքում, Gulf News-ի տվյալներով, Զահիդ Ալին իր մոռացկոտ ուղեւորներին ավելի քան  25 հազար դոլար է վերադարձրել: Նա ոչ միայն պայուսակներ է հայտնաբերել, այլեւ փողով ծրարներ: Սակայն պակիստանցին այդպես էլ չի տրվել գայթակղությանը, ինչը հասարակ վարորդին դարձրել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահայտնի մարդկանցից մեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը: