Հագուստի փոխանակման միասնական օրը, որը կազմակերպում են շրջակա միջավայրի պահպանության սկանդինավյան ընկերակցությունները, ապրիլի 16-ին տեղի կունենա Շվեդիայում, Դանիայում եւ Նորվեգիայում:
«Գնալով ավելի շատ մարդիկ են իրենց համար բացահայտում, թե ինչ լավ եւ հեշտ է զգեստապահարանը թարմացնել Հագուստի փոխանակման օրը: Հետաքրքրությունն ամեն տարի աճում է: Մենք ավելի շատ ենք հագուստ փոխանակում, քան երբեւէ: Հագուստի կյանքի շարունակությունը մեծ հաղթանակ է շրջակա միջավայրի համար», — ասել է շվեդական Բնության պահպանության ընկերակցության նախագահ Յոհաննա Սանդալը:
Իրենց զգեստապահարանը թարմացնել ցանկացողներին առաջարկվում է հագուստի վեց կամ տասը թարմ եւ չվնասված պարագայով գալ փոխանակման վայրեր: Ամեն հագուստի համար մի տոմս է տրվում, որը հնարավորություն կտա անվճար նոր հագուստ ձեռք բերել:
Փոխանակման օրը Շվեդիայում անցկացվում է յոթերորդ տարին շարունակ: Անցյալ տարի 44 հազար կտոր հագուստ է փոխանակվել:
Այս տարի ակցիան կընթանա Սկանդինավիայի 185 վայրում, որոնցից փոխանակման 110 կետը գտնվում է Շվեդիայում, 60-ը` Նորվեգիայում եւ մոտ 15-ը` Դանիայում: Նորվեգացի շատ կազմակերպիչներ ընդամենը առաջին կամ երկրորդ անգամ են կազմակերպում Փոխանակման օրը:
Շվեդական ընկերակցության տվյալներով, 2014-ին շվեդները մեկ մարդու հաշվարկով 13 կգ հագուստ եւ տեքստիլային արտադրանք են գնել: Ընդհանուր առմամբ տեքստիլի 8 կգ-ն աղբարկղում է հայտնվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























