58-ամյա Աշոտ Վայունցը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ կարողացել է հրաշքով փրկվել եւ գյուղից տարհանել իր ընտանիքի անդամներին, օգնել բազում համագյուղացիների։ 

«Սկզբում ընտանիքիս ճամփեցի, հետո մնացի, որ գյուղապետի հետ բնակիչների տարհանումը կազմակերպենք․ բա հո ժողովրդին արկերի տակ չէի թողնելո՞ւ, ես գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Աշոտ Վայունցը։

Քնած են եղել, երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին կրակ է բացել գյուղի ուղղությամբ։ Սկզբում հանգիստ են ընդունել, մտածել՝ հերթական կրակոցներն են, բայց չընդհատվող արկակոծումները ստիպել են գյուղից արագ հեռանալու որոշում կայացնել։

«Կրակոցների տակով գիշերով փախանք դիմացի լանջի տներից մեկը, մի քանի ժամ սպասեցինք, տեսանք՝ կրակոցները չեն թուլանում։ Աղջիկս սպայի կին է, մեր գյուղում է ամուսնացած, ասի՝ գնամ տեսնեմ՝ ինչ վիճակում են։ Գնամ տեսնեմ՝ ապաստարանում երեխաների հետ թաքնված է։ Մի քիչ էլ սպասեցինք, լույսը բացվեց, կանանց ու երեխաներին տեղափոխեցինք մեր շրջանի խորքի գյուղ, էնտեղից էլ՝ Հայաստան»,- կատարվածի ժամանակագրությունն է ներկայացնում Աշոտ Վայունցը։

Շուրջ երկու շաբաթ է՝ Վայունցների 7-հոգանոց ընտանիքը հաստատվել է Աբովյան քաղաքում՝ բարեկամներից մեկի տանը․ 16 հոգով մի տանն են ապրում։

«Բարեկամի տանն ինչքա՞ն կարող ես ապրել։ Որ կացարանով ապահովեն, լավ կլինի․ աղջիկս 11-րդ դասարան է, դպրոցի հարցը գոնե կլուծենք, նորից դասի կգնա․․»,- մտահոգվում է ընտանիքի հայրը։

Աշոտը երեք օր առաջ է վերադարձել Թալիշից, գնացել էր տեսնի՝ ինչ վիճակում են գյուղը, հայրենի տունը։

«Մեր տան կողքը երեք-չորս արկ է ընկել, հիմա շատ անմխիթար վիճակում է։ Գյուղի շենքերը լրիվ ավերվել են՝ դպրոցը, հիվանդանոցը, կանգուն բան չկա։ Որ խաղաղություն հաստատվի, մեծ սիրով ընտանիքիս հետ կգնամ կապրեմ, որ չէ, ընտանիքս կթողնեմ էստեղ, ես կամավոր կգնամ»,-  ասում է նա։

Տարիներ շարունակ հակառակորդի դեմ-դիմաց ապրած Աշոտ Վայունցը վստահ է մի բանում՝ անգամ զինադադարի հաստատման դեպքում ադրբեջանցիներին վստահել չի կարելի։

«Նրանք միշտ խաբել են, մենք էլ միշտ հավատացել ենք։ Հիմա ինչ էլ որ լինի, նրանց հավատալ չի կարելի»,-  ասում է նա։