Այսօր փախստականների պաշտպանության գործը դեռ սաղմնային վիճակում է եւ որոշ իմաստներով վիճահարույց: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues-ի քննարկումների ժամանակ նշել է Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային եւ հանրային հարաբերությունների պրոֆեսոր,  (մասնագիտացումը՝ միջազգային հակամարտություններ լուծում, Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային կապերի ֆակուլտետ) դոկտոր Էդվարդ Լաքը:

«Կարծում եմ՝ գոյություն ունի համաձայնություն, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում ապրող բնակչության նկատմամբ, նաեւ միջազգային պարտավորություններ: Երբ նայում ենք փախստականներին, տեսնում ենք, որ լուծման կարոտ հարցերի թիվն ավելի է շատանում, թեեւ ձեռնարկվել են կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ: Եթե դրանք ժամանակին կատարվեին, կկանխեին ավելի մեծ տեղահանման դեպքերը»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելմանը՝ Էդվարդ Լաքը նշեց, որ ընդհանրապես, ցեղասպանության ամենալավ գուշակը նախորդ ցեղասպանությունն է եւ դրա կանխարգելումը:

«Երբ խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության մասին, դրանց մեջ մտնում են նաեւ վայրագությունները: Ցեղասպանության եւ զանգվածային վայրագությունների կանխումը մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանություն է նշանակում: Պետք է բարձրացնել այդ հարցերը ու պատասխաններ պահանջել, որքան էլ դրանք դուր չգան ոմանց: Բայց եթե այդպես չվարվենք, վայրագությունները կկրկնվեն: Չպետք է մոռանալ պաշտպանելու պատասխանատվության մասին: Մենք դա չենք կարող իրականացնել, եթե չտանք ճիշտ ու դիպուկ հարցերը»,-ընդգծեց նա:

«Մենք չպետք է ասենք, որ որոշ պետություններ ու կազմակերպություններ ուշացել են մարդկանց պաշտպանելու հարցում: Նրանք հիմա էլ ունեն հնարավորություններ մարդկանց փրկելու հարցում: Ես հիացմունք եմ զգում, որ այնպիսի մրցանակ է հիմնադրվել, որը խրախուսում է նաեւ անհատների արարքները»,- իր խոսքն ամփոփեց Լաքը: