5 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վնասվածքներ է ստացել օգոստոսի 27-ին Թուրքիայում մարդատար գնացքի ու վերանորոգման շինարարական մեքենայի բախման հետեւանքով,- հաղորդում է Reuters գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտ 18.00-ին Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բիլեջիք գավառում, երբ մարդատար շարժակազմը Անկարայից ընթանում էր Ստամբուլ։ Բախման հետեւանքով գնացքաքարշն ու առաջին վագոնը դուրս են եկել գծերից եւ շրջվել։ Վթարի պատճառների մասին առայժմ պաշտոնական հաղորդագրություն չկա։ Իսկ ըստ նախնական վարկածի, դրա մեղավորը երկաթուղային պաստառի վրա հայտնված մեքենայի վարորդն է։
Ներկայումս վթարի վայրում շարունակում են աշխատել բժիշկներն ու փրկարարները, իսկ գնացքների երթեւեկությունը երկաթուղու այդ հատվածում դադարեցվել է։




























