Քուվեյթի փոխարտգործնախարար Հալեդ Սուլեյման ալ Ջարալան հայտնել է, որ նավթի բոլոր արտահանողներն չունեն այլ ընտրություն, քան արդյունահանման ծավալների ներկա մակարդակը սառեցնելը, այս հարցի քննարկումը նախատեսվում է հունիսի 2-ին ՕՊԵԿ երկրների գալիք հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Չինովնիկի խոսքով, ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ներկա հանգամանքներում «շուկան արդյունահանման ծավալների ավելացման շանս չի տալիս»:
Նավթարդյունահանող երկրները ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով չեն կարողացել պայմանավորվել արդյունահանման ծավալները սառեցնելու մասին, մասնավորապես ՕՊԵԿ-ի ներքին տարաձայնությունների պատճառով: Կարտելի մի շարք երկրներ՝ առաջին հերթին Սաուդյան Արաբիան, անսպասելիորեն սկսել են պնդել, որ համաձայնությանը պետք է մասնակցեն ՕՊԵԿ բոլոր երկրները՝ այդ թվում Իրանը, որը հայտնել էր, որ պատրաստ կլինի սառեցնել արդյունահանումը, միայն երբ այն կհասնի մինչպատժամիջոցային ծավալի՝ օրական 4 մլն բարելի:





























