Հույները միայն մեկ բան են ցանկանում, որպեսզի հաղթանակի արդարությունը, եւ Թուրքիան ճանաչի հույն ժողովրդի Ցեղասպանությունը: Այս մասին նշված է մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Panhellenic Post-ում հրապարակված հոդվածում: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի Քեմալ Աթաթուրքի բարբարոսական ռեժիմը, մասնավորապես, հույների, հայերի, ասորիների ցեղասպանությունը: Մենք պետք է հիշենք մեր պատմության այդ էջը, երբեք չմոռանանք: Սովորենք հունարեն, պատմությունը փոխանցենք մեր երեխաներին, ուղղափառությունը պահպանենք մեր օջախներում: Դա մեզ՝ Սփյուռքի հույներիս, թույլ կտա վառ պահել հելլենականության կրակը:

Օսմանցի թուրքերը հանուն «հայրենիքի» ցանկանում էին ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին, բոլոր հույներին, հայերին եւ ասորիներին, Փոքր Ասիայի պատմական ժառանգներին:

Եվ դա տեղի ունեցավ 1914-1923 թվականներին: Հայոց ցեղասպանություն, Պոնտոսի հույների ցեղասպանություն, ասորիների ցեղասպանություն...

Շուրջ 27 դար շարունակ հույները բազմաթիվ նվաճողների, այդ թվում՝ Օսմանյան կայսրության դեմ պայքարում կարողացել են որոշակի տարածքային եւ մշակութային ինքնավարություն պահպանել:

1918 թվականին Պոնտոսի Հանրապետություն հռչակվեց՝ 1920 թվականին հույն-հայկական համադաշնություն ստեղծելու ծրագրով: Բայց փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Հունական կառավարությունը ռազմական աջակցություն չցուցաբերեց, իսկ արեւմտյան տերությունները՝ դիվանագիտական»: