Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ի գիշերը տեղի ունեցած դրոնի միջադեպի առնչությամբ Լիտվան բողոքի նոտա կհղի Բելառուսին և խորհրդակցություններ կանցկացնի դաշնակիցների հետ, հայտնում է LRT-ն։
Խոսքը երեքշաբթի գիշերը Լիտվայում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի ընթացքում ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խոցել։
«Օդային տարածքի խախտման բոլոր դեպքերում մենք զեկույց ենք ստանում Ռազմաօդային ուժերից՝ երբ, որտեղ, տեղակայումը, կոորդինատները, ինչ է տեղի ունեցել։ Բոլոր դեպքերում պատրաստում ենք նոտա և փոխանցում այն երկրին, որտեղից, ասենք, ներթափանցել է ինքնաթիռը կամ այլ օբյեկտ։ Սույն դեպքում խոսքը Բելառուսի մասին է», — երեքշաբթի Սեյմում լրագրողներին հայտնել է լիտվական դիվանագիտության ղեկավարը։
«Երբ քննություն անցկացվի, և բեկորների հիման վրա պարզվի, թե ում դրոնն է դա եղել, այդ ժամանակ մենք հետագա քայլեր կձեռնարկենք՝ հաշվի առնելով այդ տվյալները», - ընդգծել է նա։
Բուդրիսի խոսքով՝ Լիտվան տեղեկացրել է իր դաշնակիցներին միջադեպի մասին և մտադիր է խորհրդակցել նրանց հետ ու քննարկել անվտանգային իրավիճակը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությունն իրականացնող իտալացի օդաչուներին երեքշաբթի գիշերը դրոնի խոցման հաջող գործողության համար և նշել, որ նման միջադեպերը ռազմական գործողությունների ինտենսիվության հետևանք են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի գիշերը ՆԱՏՕ-ի պարեկային առաքելության կործանիչներն անհայտ տեսակի անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի երկնքում։





























