«Ալֆա-Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր, 52-ամյա միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը հայտնել է, որ իր կարողությունը չի թողնի սեփական երեխաներին, այլ կփոխանցի բարեգործական նպատակների համար, հայտնում է  Forbes ամսագիրը:

«Ես չեմ սիրում նման բնույթի հրապարակային խոստումներ տալ, բայց կարող եմ ասել, որ որոշում եմ կայացրել. իմ կարողությունը բարեգործությանը կտրամադրվի: Վատագույնը, որ կարող էի անել իմ երեխաների համար, նրանց խոշոր գումար փոխանցելն է», - պատասխանել է գործարարը Forbes Club-ի նիստին:

Ֆրիդմանն իր որոշումը բացատրել է հույսով, որ իր երեխաները, իր նման, ինքնուրույն կհասնեն կարիերային հաջողությունների: Նրա խոսքով, ինքը չի նախատեսել նրանց ներգրավել մասնակցելու «Ալֆա-Գրուպի» բիզնեսին:

Forbes-ը հայտնում է, որ Միխայիլ Ֆրիդմանը չորս երեխա ունի` Լորա Ֆրիդմանը (1993 թ.), Կատյա Ֆրիդմանը (1996 թ.), Ալեքսանդր Օժելսկին (2000 թ.) եւ Նիկա Օժելսկայան (2006 թ.): Ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների 2016 թվականի վարկանիշային աղյուսակում նրանք տասներորդ տեղն են զբաղեցնում, նրանց յուրաքանչյուրին բաժին է ընկնում 3,3-ական մլրդ: