Մեքսիկայի իշխանությունները հաստատել են Խոակին Էլ Չապո Գուսմանին (Կարճլիկ մականունով) արտահանձնումը ԱՄՆ-ին, հայտնում է Reuters–ը, վկայակոչելով Մեքսիկայի արտգործնախարարի հայտարարությունը:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Մեքսիկան երաշխիքներ է ստացել, որ Էլ Չապոյի նկատմամբ մահապատիժ չի կիրառվելու: Թմրաբարոնի արտահանձնման ճշգրիտ ժամկետների մասին դեռ չեն հայտնում:

Թեքսասի ու Քալիֆորնիայի դաշնային դատարաններում Գուսմանին ներկայացրել են մեղադրանքներ՝ այդ թվում թմրադեղերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման ու սպանության մեջ:

Մայիսի սկզբին թմրաբարոնին «Ալտիպլանո» խիստ ռեժիմի բանտից տեղափոխել են ԱՄՆ սահմանից ոչ հեռու գտնվող մեկ այլ բանտ:

2015-ի հուլիսին Էլ Չապոն փախել էր «Ալտիպլանոյից»: Նա մտել էր բանտի լոգարան, որից հետո նրան այլեւս ոչ ոք չէր տեսել: Ավելի ուշ պարզվել էր, որ լոգարանում կար գաղտնի թունել՝ մեկ մղոն երկարությամբ, որով էլ հենց փախել էր Գուսմանը: Հունվարին երկրի իշխանությունները հայտնել էին, որ բռնել ու կալանավորել են Էլ Չապոյին:

Համարվում է որ Գուսմանը վերահսկում է թմրադեղերի ԱՄՆ մատակարարումների մեծ մասը: Մինչեւ 2014-ը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Էլ Չապոյին համարում էր աշխարհի ամենաազդեցիկ թմրաբարոնը: