Կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարիսա Մարկեսի դիափոշու մի մասը վերադարձրել են հայրենիք՝ Կոլումբիա, որտեղ նա սկսել էր իր գրական գործունեությունը։
AP-ի տեղեկություններով՝ դիափոշին դրել են հուշաքարի մեջ, որի վրա տեղադրել են գրողի կիսանդրին։ Կիսանդրու օծման արարողությունը տեղի է ունեցել Կարիբյան ծովի ափին՝ Կարտախենի նավահանգստի՝ մենաստանում։ Դիափոշու մնացած մասը կմնա Մեքսիկայում։
Գործակալությունը նշում է, որ Կարտախենի նավահանգստի ամրոցը Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ» վեպի գործողությունների վայրն է։
Նշենք, որ արձակագիր գրող, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ Գաբրիել Գարիսա Մարկեսը մահացել էր 2014-ի ապրիլի 17-ին 87 տարեկան հասակում Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում, որտեղ ապրում էր վերջին 50 տարին։
Մարկեսը կախարդական ռեալիզմի ուղղության ներկայացուցիչ է։ 1982-ին նա գրականության Նոբելյան մրցանակի էր արժանացել։




























