Կիեւում առաջարկել են 70 մլն դոլարով «Եվրատեսիլ – 2017»-ի համար ավարտին հասցնել մարզահրապարակի կառուցումը, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:  

 «Եվրատեսիլի» պայմաններով, մրցույթի անցկացման վայրը պետք է ծածկված լինի: Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ   չափազանց թանկ է ազգային մարզական «Օլիմպիյսկի» համալիրի համար ժամանակավոր փոխակերպվող տանիք կառուցելը: 

««Օլիմպիյսկիի» համար ի սկզբանե ծածկ նախատեսված էր: Բայց ժամկետի եւ ֆինանսավորման առումով կարող ենք չհասցնել», – պարզաբանել է Կլիչկոն:

Նա ամենահավանական տարբերակ է կոչել Ստոլիչնայա փողոցի վրա ժամանակակից փոխակերպվող մարզահրապարակի կառուցումը, որտեղ դրա համար արդեն հիմք կա: Քաղաքապետի խոսքով, ինքն արդեն խոսել է համալիրի տիրոջ հետ: «Վեց-յոթ ամսում նրանք կարող են ավարտին հասցնել այն», – հավելել է Կլիչկոն:

Կիեւի քաղաքային պետական վարչակազմի բարեկարգման վարչությունից հաստատել են, որ «Կիեւ Մարզահրապարակը» մտնում է  «Եվրատեսիլի» անցկացման հնարավոր հավակնորդների թվի մեջ, բայց վերջնական որոշումը կընդունվի հունիսի սկզբին: 

Կիեւի քաղաքապետարանից աղբյուրը պնդում է, որ հարթակն ավարտին հասցնելու համար առնվազն  70 մլն դոլար է անհրաժեշտ:

Քաղաքապետի խորհրդական Դմիտրի Բելոզերկովեցը պատմել է, որ մարզահրապարակում անհրաժեշտ է հիմնակմախք եւ պատեր կառուցել:  «Երբ ավարտին հասցնեն, կկարողանան այնտեղ ոչ միայն մարզական միջոցառումներ անցկացնել, այլեւ համերգային: Կիսակառույց է, որովհետեւ կառուցում է ոչ թե քաղաքը, այլ ներդրողը», – հայտնել է նա:

Քաղաքապետի խորհրդականի խոսքով, քաղաքի կողմից ներդրողներից մարզահրապարակի գնման հարց չի դիտարկվում, որովհետեւ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է:  

Իրենք` ներդրողները (գործարարներ Ալեքսանդր Վոլկովը եւ Դմիտրի Բուրյակը) կասկածում են, թե կկարողանան նախագիծն ավարտել սեփական ուժերով:  «Եթե գտնվեն մարդիկ, որոնք պատրաստ լինեն երրորդ հիմնադիր դառնալ եւ փող ներդնել շինարարության մեջ, մենք կհասցնենք բոլոր աշխատանքներն ավարտել մինչեւ   «Եվրատեսիլը», – հայտնել է Վոլկովը:

«Կիեւ Մարզահրապարակ» մարզական համալի հիմքերը դրել են 2013 թվին  որպես «Եվրոբասկետ-2015», որը չի կայացել Ուկրաինայում իրավիճակի պատճառով: