Ռուսաստանում պետությունը կորցրել է վերահսկողությունը երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա, այդ պատճառով երկրում մեծ թիվ են կազմում երիտասարդների  կողմից կատարված հանցագործություններն ու բռնությունները: Հոկտեմբերի 6-ին Երեւան-Մոսկվա կինոկամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց էքստրեմալ իրավիճակներում իրավական եւ հոգեբանական կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը:

Բանն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն հրատարակել է զեկույց «Դեռահասների եւ երիտասարդության շրջանում սառը զենքի հետ կապված բռնության եւ հանցավորության նախազգուշացման մասին»: Զեկույցի տվյալներով`Ռուսատանն առաջին տեղն է գրավում 10-29 տարեկանների շրջանում իրականացված բռնությունների եւ սպանությունների քանակով: Իսկ Հայաստանն ու Գերմանիան ամենավերջին տեղերում են:

Էքստրեմալ իրավիճակներում իրավական եւ հոգեբանական կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովի խոսքով, նման ցուցանիշի պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանում խաթարվել է ընտանիքի ինստիտուտը, անկում է ապրել կրթությունը եւ մարդիկ կորցրել են բարոյական արժեքները:

«Ընտանիքն այսօր դադարել  է ընտանիք լինելուց բառիս բուն իմաստով: Սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքները զբաղված են փող հայթայթելով ցանկացած միջոցներով եւ չեն զբաղվում իրենց երեխաներով: Միջին եւ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքները եւս զբաղված են փող աշխատելով եւ չեն զբաղվում երեխաներով, իսկ թե ո՞ւմ հետ է մնում երեխան եւ ո՞վ է զբաղվում նրա դաստիարակությամբ, լավագույն դեպքում դայակը»,- ասել է նա:

Միխայիլ Վինոգրադովի հավաստմամբ, երիատասարդների շրջանում բռնությունների աճման գործում մեծ դեր ունեն ինտերնետը եւ լրատվամիջոցները:

Մոսկվայի քաղաքի ՆԳ գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության 20-րդ բաժնի պետ Իվան Իգոշինն ասել է, որ բոլոր դեռահասների կողմից իրականացված բոլոր  հանցագործությունների հետեւում կանգնած են մեծ մարդիկ:

«Երեխաներն իրենք երբեք հանցագործություն չեն իրականացնի, եթե դրդող չլինի, եթե մեծերը նրաց չտան սառը զենք»,-ասել է նա:

Իսկ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա  Ժուրովայի խոսքով էլ, դեռահասների բռնություններից հեռու պահելու համար անհրաժեշտ է, որ նրանք սպորտով զբաղվեն կամ էլ մշակույթով հետաքրքվեն, մի խոսքով, պետք է  հագեցած լինի նրանց օրը, որպեսզի վերջիներս ազատ ժամանակ չունենան այլ բաներով տարվելու:

Պետդումայի փոխխոսնակի խոսքով, այս հարցում,  մեծ  նշանակություն ունի նաեւ կրոնը, որը բարություն, մերձավորի նկատմաբ սեր եւ հանդուրժողականություն է սերմանում: