Իտալիայի ոստիկանությունը Ապենինյան թերակղզու տարբեր քաղաքներում ապօրինի միգրանտների տեղափոխության հանցավոր ցանց կազմակերպելու մեղադրանքով 38 մարդու է ձերբակալել, հայտնում է ANSA–ն։
Հռոմում հայտնաբերվել է խմբավորման ֆինանսական կենտրոնը, որտեղից առգրավվել է ավելի քան 500 հազար եվրո, 25 հազար դոլար եւ միգրանտների ցուցակով ամսագիր։

Ձերբակալությունները Պալերմոյի դատախազության մեծամասշտաբ հետաքննության արդյունք են։ Քննչական միջոցառումների ընթացքում մասնավորապես բացահայտվել են մարդկանց տեղափոխության մեխանիզմներ, այդ թվում՝ ոչ միայն ծովային, այլ նաեւ ընտանիքի հետ վերամիավորվելու հիման վրա փաստաթղթերի ձեւակերպման ճանապարհով։ Բացի այդ, խմբավորումը զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ։