Մեծ Բրիտանիայում հանրաքվեն չի անդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այդ մասին հուլիսի 4-ին մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: 

Նրա խոսքով, ԵՄ-ում շատ լրջորեն են վերաբերվում հանրաքվեի արդյունքներին, բայց երկկողմ հարաբերությունների եւ ծրագրերի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա: 

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին եւ ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը, դա կախված կլինի աշխատանքի արդյունավետությունից եւ կոնկրետ ցուցանիշներից: 

Ընդհանուր առմամբ ֆինանսավորման հարցում պատվիրակության ղեկավարը կոչ է արել չշտապել եւ սպասել անցկացվող աշխատանքների արդյունքներին: Մեկնաբանելով այն հարցը, թե իրեն հայտնի է արդյոք  «քամուն տրվող գումարների մասին», դեսպանը հայտնել է, որ աջակցության ծրագրերը երկրի զարգացման միակ ուղին չեն: Դեսպանի համոզմամբ, ԵՄ-ի աջակցությունը շոշափելի արդյունքներ է ապահովել ի բարօրություն Հայաստանի շարքային քաղաքացիների: Նրա խոսքով, ինքն անձամբ է համոզվել դրանում, այցելելով մարզեր եւ զրուցելով գյուղացիների հետ: 

Նրա խոսքով, ԵՄ-ն ամեն տարի հայկական կողմին մոտ  50 մլն եվրո է տրամադրում:   «Միթե դա կարող է փոխել երկրի վիճակը: Դա կարող է օգնել լուծել որոշ խնդիրներ», - նշել է Պյոտր Սվիտալսկին. «Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները գնահատում են աջակցությունը եւ ուրախ կլինեին, որ այն շարունակվեր: Մեր եւ ձեր պարտականությունն է որոշել, թե ինչպես անենք դա»: 

Ինչ  վերաբերում է ԵՄ-ի դրամաշնորհների հետ կապված խախտումների փաստով մի քանի քրեական գործին, Պյոտր Սվիտալսկին հայ իրավապահներին շնորհակալություն է հայտնել պրոֆեսիոնալիզմի համար եւ հայտնել, որ ԵՄ-ի շահերը պաշտպանող փաստաբան է նշանակվել: