ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում առավոտից տեղացող հորդառատ անձրեւը չի խանգարել հուլիսի 4-ին նշել Անկախության տոնը։ Երեկոյան եղանակը կարճատեւ ժամանակով պարզվել էր, հենց այդ պահին էլ կազմակերպվել էր ավանդական հրավառությունը, որը տեսնելու համար կենտրոնական քաղաքային բուլվարում եւ Փոթոմաք գետի ափին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։

Կոնգրեսի մոտ՝ Կապիտոլիումի բլրի ստորոտին, բացօթյա համերգ էր կազմակերպվել ԱՄՆ ազգային սիմֆոնիկ նվագախմբի եւ այլ արտիստների մասնակցությամբ։

Համերգ էր կազմակերպվել նաեւ Սպիտակ տանը, որտեղ Բարաք Օբաման եւ նրա կինը հրավիրել էին ամերիկացի զինծառայողների ընտանիքներին։ Միաժամանակ նշել են ԱՄՆ նախագահի դստեր՝ Մալիա Օբամայի 18-ամյակը։

Սակայն Սպիտակ տան Հարավային բացատում պլանավորած պիկնիկը չի կայացել, եւ ինչպես խոստովանել է Օբաման, հյուրերի ցանկը ստիպված են եղել  կրճատել։ Արեւելյան սրահում հնարավոր չէր եղել տեղավորել բոլոր հյուրերին։

Այս տարի ԱՄՆ–ն նշում է իր պետականության 240-րդ տարեդարձը։ 1776–ի հուլիսի 4-ին Հյուսիսային Ամերիկայում 13 անգլիական գաղութների պատվիրակները, որոնք հավաքվել էին Մայրցամաքային կոնգրեսի, հավանություն տվեցին «Անկախության հռչակագրին» եւ հայտարարեցին Բրիտանական գահից անկախանալու մասին։