Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Քաղաքացիական օրենսգրքի «Հավասարության եւ քաղաքացիական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այսուհետ երեխայի նկատմամբ ցանկացած ֆիզիկական բռնություն, անգամ հասարակ ապտակը, անթույլատրելի է համարվում, հայտնում է RFI ռադիոն։

ՔՕ–ում փոփոխությունները նախատեսում են երեխայի նկատմամբ ցանկացած դաժան, վիրավորական կամ ստորացուցիչ վերաբերմունքի բացառում՝ ներառյալ ցանկացած ֆիզիկական բռնություն։ Չնայած, որ փոփոխությունները ֆորմալ առումով ավտոմատ պատիժ չեն ենթադրում այդ օրենքի խախտման համար, ֆրանսիացի իրավապաշտպանները դրա ընդունումը կարեւոր քայլ են համարում։

Ֆրանսիայում, որտեղ դաստիարակչական նպատակներով թեթեւ բռնությունը մինչեւ հիմա թույլատրելի էր համարվում, ամեն տարի դաժան վերաբերմունքից մահանում է 400-600 մարդ։