Նախկինում անհայտ ժայռապատկերներ են հայտնաբերվել Պերուում` ինկերի հինավուրց Մաչու-Պիկչու քաղաքից ոչ հեռու, հայտնել է Ազգային հնագիտական այգու տնօրեն Ֆերնանդո Աստետեն:
Նա պատմել է, որ պատկերներում երեւում է տղամարդ եւ ուղտեր հիշեցնող կենդանիների ընտանիք: Այդ նկարներն արված են սեւով եւ օքրայի գույներով, բայց շատ են տարբերվում այն ժայռապատկերներից, որոնք նախկինում հայտնաբերվել էին այդ տեղանքում, հայտնում է Informing-ը:
Գիտնականների կարծիքով, պատկերները կարող են վերաբերել դեռեւս նախաինկյան ժամանակաշրջանին, բայց իրենք առայժմ պատրաստ չեն հայտնել դրանց ստեղծման մոտավոր ժամանակը: Աստետեն նշել է, որ հայտնաբերված պատկերները պատմական ոչ մի քարտարանում չկան: Գիտնականները մտադիր են մոտ ժամանակներս պարզել, թե ինչ ժամանակաշրջանի են պատկանում այդ լուսանկարները:
Մաչու-Պիկչուն գտնվում է ծովի մակարդակից 2450 մ բարձրության վրա եւ քաղաքի նման դիրքը երկար ժամանակ այն թաքցնում էր հետազոտողներից: Այն 1911 թվականին հայտնաբերվել է Յեյլի համալսարանի գիտնական Հայրամ Բինգերի կողմից: 1983 թվականից Մաչու-Պիկչուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է մարդկության մշակութային ժառանգություն: Դրա բացահայտումից նույնիսկ 100 տարի անց գիտնականներին քիչ բան է հայտնի այդ հինավուրց քաղաքի պատմության մասին եւ առեղծվածային պատկերներն առայժմ մնում են Մաչու-Պիկչուի եւս մի գաղտնիքը:





























