Նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված վերահսկողակական մեխանիզմների ներդրման համար պահանջվող 16 միլիոն եվրոյից պակասող գումարը ամենայն հավանականությամբ կլրացվի պետբյուջեից: NEWS.am-ի տեղեկություններով` այս ընթացքում շարունակվող քննարկումների արդյունքում իշխանությունը համաձայնել է պակասող գումարից 2 միլիոնը լրացնել պետբյուջեից:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կողմերի միջեւ կոնսենսուսից հետո միջազգային դոնորները պետք է գումար հատկացնեին այդ մեխանիզմները ներդնելու համար: Միջազգային դոնորները խոստացել են 9 միլիոն եվրո: 3 միլիոնն անկախ կոնսենսուսից պետք է կառավարությունը տրամադրեր, պակասում է 4 միլիոն եվրո, ինչի հետ կապված շարունակվում էին բանակցությունները միջազգային կազմակերպությունների հետ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ իշխանության ներսում արդեն համաձայնել են եւս 2 միլիոն հատկացնել, եթե դոնոր չգտնվի: Բանն այն է, որ  սեպտեմբերի 1-ից պետք է սկսվեն այդ աշխատանքները եւ ամեն գնով պետք է գումարը գտնվի, հակառակ դեպքում սուղ ժամանակի պատճառով ԸՕ-ով ամրագրված փոփոխությունները կյանքի կոչելը տեխնիկապես հնարավոր չի լինի։ 

 Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  իշխանությունը ամեն ինչ անելու է,  որ  այն հարցերը, որոնց շուրջ կողմերը եկել են փոխհամաձայնության, կյանքի կոչվեն, իսկ ֆինանսական հարցերի հետ կապված ասաց՝ տեղյակ չէ։  «Մենք մինչեւ սեպտեմբերի 1-ը ժամանակ ունենք, մինչեւ դա պարզ կլինի, մի բան կարող եմ վստահեցնել, իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հարցերը որոնց շուրջ համաձայանության ենք եկել, լուծում ստանան։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած 2 միլիոնի որոշմանը, ես դրանից տեղյակ չեմ»։

Ի դեպ, սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկեն վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքները, որպեսզի մինչեւ մայիսյան խորհրդարանական ընտրություններ հաջողվի Ընտրական օրենսգրքով նախատեսված գործիքները կյանքի կոչել:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորման հարցը ըստ էության լուծված է, 9 միլիոնը խոստացել են, պակասում է 4 միլիոն: Եթե այս հարցը իշխանությունները չեն լուծում` լինի նոր դոնորների միջոցով, թե պետական բյուջեի հաշվին, նշանակում է իրենք դրժում են փոխհամաձայնությունը: