Քանի դեռ Հայաստանը չունի ավիափոխադրող ընկերությունը, չունի մրցակցելու հնարավորություն, միշտ կանգնելու է այն փաստի առջեւ, որ ռուսական ավիաընկերությունները գերիշխող դիրքը չարաշահելով գին են թելադրելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Վերին Լարսի անցակետի փակումից հետո ռուսական ավիաընկերությունները կրկնակի չափով բարձրացրել են ավիատոմսերի գները:

«Երբ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ստացավ մենաշնորհ եւ ի վերջո տապալվեց ու սնանկ ճանաչվեց, դրանից հետո պետք է հասկանալ, որ չունենալով մրցակցելու հնարավորություն, մենք միշտ այսպիսի փաստերի առջեւ ենք կանգնելու: Այսինքն մենաշնորհային դիրք ունեցող ռուսական ավիաընկերությունները, որոնք կարողացավ հաջողությամբ դեմպինգ անելով մենակ մնալ շուկայում, հիմա գին են թելադրում»,-ասաց նա:

Վահագն Խաչատրյանը նշել է, այստեղ իր խոսքը պետք է ասեր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը. «ՏՄՊՊՀ-ն առաջին վայրկյանից պետք է զբաղվեր այդ խնդրով եւ արդեն պատասխան ունենար տալու հասարակությանը, թե ինչպես եղավ, որ ավիատոմսերի գները այսպես կտրուկ բարձրացան: ՏՄՊՊՀ-ի խնդիրը հենց դա է, որ զրկի գերիշխող դիրք գրավող ընկերություններին գին թելադրելու գայթակղությունից: Արդեն երկու շաբաթ է Լարսի անցակետը փակ է, գները բարձրացել են, բայց ՏՄՊՊՀ-ն, ըստ էության, կոնկրետ ոչինչ չի անում»:

Նրա խոսքով, Հանձնաժողովը պետք է ուսումնասիրություններ իրականացնի ոլորտում ու եթե պարզի, որ գերիշխող դիրքի չարաշահում կա, ապա պիտի գանձի այդ գերշահույթները, ինչպես սովորաբար անում է այլ դեպքերում: «Հանձնաժողովը կարող է հաշվարկել, թե գերիշխող դիրքը չարաշահելու արդյունքում որքան լրացուցիչ եկամուտ կամ շահույթ են ստացել եւ դա գանձել բյուջե: Կա նաեւ երկրորդ տարբերակը՝ բանակցությունների միջոցով հասկանալ, թե ինչի հետեւանք է այդ թանկացումը: Մի քանի գլխավոր հանգամանքներ կան, որոնք կարող են նպաստել գնի բարձրացմանը: Պետք է պարզել՝ օբյեկտիվ պատճառներով են եղել, թե սուբյեկտիվ: Ցանկության դեպքում՝ կարելի էր այս ամենի դեմն առնել: Բայց քանի որ չկա այդ ցանկությունը, միշտ կանգնելու ենք կոտրած տաշտակի առջեւ: Այսինքն մեր գրպանների հաշվին որոշ մասնավոր ընկերություններ իրենց դիրքը չարաշահելով կստանան ահռելի գումարներ»,-ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը չի ցանկանում կամ չի համարձակվում քննարկել ռուսական ավիաընկերությունների գործունեության օրինականության հարցը:

Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:

Այս առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները: